«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Չի՛ կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ

Չի՛ կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ
11.07.2017 | 09:28

Ընթերցողները գուցե և մտածեն, թե ես միշտ նույն հարցերի շուրջ եմ գրում` չհեռանալ Հայաստան հայրենիքից, կազմակերպել հայրենադարձություն… Թերևս։ Ցավոտ և բաց վերքն անվերջ նվվում է, և ձեռքդ միշտ վերքիդ վրա ես ուզում պահել` հուսալով, թե կթեթևացնես ցավը:


Ֆեյսբուքյան քննարկումները, թվում է, «պարապ վախտի խաղալիք» են կամ մտավարժանքի և մտքի փայլատակումների ասպարեզ: Բայց այս դաշտը, դժբախտաբար, թե բարեբախտաբար, բացահայտում է հոգևոր և մտավոր նույն դաշտում գտնվող մարդկանց վերաբերմունքը, ազգային շատ կարևոր խնդիրների արծարծման ու լուծման ուղիներ փնտրելու-գտնելու պատրաստակամությունը կամ անտարբերությունը:
Վերջին շրջանում թե՛ մամուլում, թե՛ համացանցում արտագաղթի ահագնացող չափերի մասին խոսելիս մեր մտավորականներից շատերը մի տեսակ կրավորական դիրք են բռնում` ասելով` հեռացողներից ոչ մեկին չեն մեղադրում. դա նրանց անձնական որոշելիքն է: Ոչ, երկիրը լքելը, երկիրը գիտակցված դատարկելը, նոր սփյուռք ստեղծելն ու սփյուռքը ուռճացնելը ոչ մեկիս անձնական որոշելիքը չեն… նախագահից սկսած: Հայրենիքն ու պետությունը այն արժեքներն են, որ մարդն իր կյանքը «անձնական որոշելիքով» դնում է նրա փրկության ու ազատության զոհասեղանին: Սա ապացույցի կարիք չունի։ Բայց մեզ հետ ինչ-որ բան է կատարվել վերջին մի քանի հարյուր տարում. չե՞նք գիտակցում, թե՞ ծուլանում ենք մեզ ու մեր հայրենիք-պետությունը պաշտպանել և հզորացնել, որպեսզի ստիպված չլինենք «ապահով» ապրելու համար հեռանալ երկրից և «փրկել» զավակներին:


Երբ հուզող խնդիր կա, մարդը փորձում է պատճառները գտնելու և վերացնելու ուղիներ փնտրել, և այդ ժամանակ նա չի կարող կարճ, մի երկու նախադասությամբ ամփոփել միտքը: Սովորաբար երևույթը ներսից իմանալու պարագայում է խնդրի լուծումը գտնվում: Մերը մեր ներսի խնդիրն է: Թումանյանի նման հանճարն է տեսել մեր ազգի ներսը և ցավով ասել` ներսից ենք հիվանդ: Բայց ոչինչ ինքնիրեն ներսից չի փչանում. բնության մեջ էլ է այդպես. եթե պտղի մեջ որդ է առաջանում, ապա պատճառը կարկուտի հարվածն է եղել, որ վնասել է պաշտպանիչ կեղևի ամբողջականությունը։ Կամ հիվանդ են հողն ու ոռոգող ջուրը, որոնք նույնպես արտաքին ազդակներ են… Իսկ հողը և ջուրը հիվանդանում են, որովհետև հողի տերը կա՛մ չի պարարտացրել, կա՛մ թունավոր նյութեր է լցրել հող ու ջրի մեջ:
Եթե հզոր են արտաքին ազդակները, և նպատակաուղղվածությունը հստակ նյութական շարժառիթ ունի, ապա ցանկացած կործանիչ նպատակ իրագործելի է: Մեր ժողովրդի, մեր ազգի հավաքական նպատակները թեև եղել ու մնում են հոգևոր դաշտում, բայց աշխարհը նյութական է, և պետք է նաև հաշվի նստել ֆիզիկական աշխարհի և այդ աշխարհում ապրող ժողովուրդների նյութականաշահ մտածողության ու հեռահար նպատակների հետ: Մեր հոգևոր աշխարհընկալումը, ո՛չ կրոնական իմաստով, մեր մշակույթն է` իր բոլոր դրսևորումներով` բանաստեղծական խոսք, երաժշտություն, գեղանկարչություն և գեղարվեստ` միահյուսված ճարտարապետությանը, և այս բոլորը միավորող փիլիսոփայություն:


Ցավոք, նյութական աշխարհում հոգևորն ընկալվում է որպես անլիարժեքության կամ թուլության հետևանք։ Մեզ երկու հազար տարի է՝ դրդում են նյութապաշտության և կարծես հաջողում են... Ես մի հոդված ունեմ հենց այդ խնդրի վերաբերյալ, որտեղ փորձում եմ տեսնել մեզ` հայերիս, նյութապաշտության տանող, դրդող ակունքները:
Այո՛, մտավորականներն են ժողովրդի՝ ազգ կազմող՝ աննյութապաշտ հատվածը, բայց եթե մտավորականին հոգևոր և նյութական քաղցի մեջ են պահում, ապա գայթակղում են նյութապես արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությամբ, հոգով և ոգով չթրծվածները ճաք են տալիս...


Հակառակորդն այդ ճաքի մեջ անուշ, բայց քայքայիչ նյութ է կաթեցնում ամեն օր, մինչև որ հոգու և մտքի անոթը ձևախեղվում է, թունավորվում է նաև նրա պարունակությունը։ Ասել է` սկսվում է ներքին փտախտը։
Արտաքին դավադիր և կործանարար ազդակների դեմ պարտավոր ենք փակելու մեր հոգու և մտքի դռները: Իսկ դրա համար պետք է սկսենք մանուկներին դաստիարակող ծնողներից, ուսուցիչներից... ինքներս մեզնից...
Թվում է` երկար ճանապարհ է, և մենք չունենք այդքան ժամանակ: Իհարկե, ուշացրել ենք, բայց երբեք ուշ չէ կարևոր ու ազգօգուտ գործ անելու համար: Որոշ ազգեր կարողացել են շատ կարճ ժամանակում վերականգնել իրենց ազգային միասնականությունը և պետականությունը։ Չի կարելի հուսահատական և ժխտողական արտահայտվել երկրի ու պետության փրկության վերաբերյալ և մեր երկիրը ժողովրդին ներկայացնել անհեռանկար ու անապագա: Չպետք է թևաթափ անել ժողովրդին` ասելով, թե իբր ոչինչ չի փոխվի: Իսկ հայրենիքը լքողների հասցեին ասել, թե ամեն մարդ մի կյանք ունի և իրավունք ունի լավ ապրելու: Լավ ապրելուն դեմ չեմ, բայց լավ ապրելը նույնպես հարաբերական է: Հայրենիք ու պետություն ունեցող ազգերը` մտահոգ իրենց սերունդների ապահով կյանքի համար, մի պատառ հացի կամ լավ կյանքի համար չեն ցրվում աշխարհում... Այս առումով երբեք չեմ սիրել վկայակոչել որևէ ազգի, բայց երբեմն, որպեսզի փաստարկս համոզիչ լինի, բերում եմ օրինակներ:


Մինչև 19-րդ դարի կեսերը գերմանացի ժողովուրդն ապրում էր մասնատված։ Մի մեծ հատված էլ անջատվելով ստեղծում է Ավստրո-հունգարական կայսրությունը, հետագայում Հունգարիան անջատվում է, իսկ Ավստրիան այդպես էլ չի միանում Գերմանիային: Մեր հասկացությամբ` այդ «երկրները» եղել են նախարարական-իշխանական տներ, որ մինչև հիմա ձևականորեն պահպանվել են որպես վարչական տարածքներ կամ նահանգներ` իրենց իրավունքներով ու հավակնություններով: Օտտո Բիսմարկ անունով մի հայրենասեր գերմանացի նպատակ է դնում միավորել գերմանական ցեղերին ու նրանց «երկրները», և ինչպես ընդունված է նրանց պատմության մեջ, «վերևից» ստեղծել միասնական պետություն: Եվ ստեղծում է: Մոտ երկու տասնամյակ հետո միշտ մասնատված գերմանացի ժողովուրդն այնքան է տոգորվում միաբանության և միասնականության գաղափարով, որ դառնում է նախահարձակ և ինքն է սկսում Առաջին համաշխարհային պատերազմը` անմիաբան եղած դարերի քաղաքական բացթողումները վերացնելու համար: Բայց ինչպես երևում է, երկու տասնամյակի միաբան լինելու փորձն ու ոգեղենությունը բավարար չէին, և Գերմանիան պարտվում է: Այդ պատերազմում պարտվելուց և ջախջախվելուց հետո, թվում էր այլևս երբեք չի միավորվի, չի միաբանվի և չի հզորանա գերմանացի ազգը, սակայն ասպարեզ եկավ Հիտլերը, և դարձյալ մոտ երկու տասնամյակում ազգային-գաղափարական դաստիարակությունը միասնական դարձրեց բարոյապես ջախջախված, տնտեսապես և ռազմականապես թույլ, հուսահատված գերմանացի ժողովրդին և դարձյալ նրան մղեց աշխարհի դեմ պատերազմելու:
Ես իհարկե նպատակ չունեմ արդարացնելու գերմանական ֆաշիզմն ու նացիզմը, բայց ազգը միաբան և միասնական դարձնելու երկու փորձերն էլ ուշագրավ են: Երկրորդ աշխարհամարտում նույնպես ջախջախված գերմանացի ազգի մեջ արդեն հիմք էին դրել երկիրը միասին կառուցելու կամքն ու գաղափարը:


Նույնը կարելի է ասել հրեաների մասին, որոնք երբևէ պետականություն չեն ունեցել, բայց համաշխարհային քաղաքական իրավիճակից կարողացել են օգտվել և ի գին իրենց կոտորածների` կարողացան մի ափ հող ձեռք բերել, հետո ներգաղթ կազմակերպել, իսկ հիմա մտածում են այդ պետության սահմանները մեծացնելու մասին: Այսօրվա Իսրայելը Հայաստանի Հանրապետության մեկ երրորդի չափ տարածք ունի, բայց բնակչությունը շուրջ վեց միլիոն է։ Իսրայելն այսօր տարածաշրջանում քաղաքական եղանակ ստեղծող պետություն է։ Ավելին, գերտերությունների քաղաքական ուժին համարժեք ուժ ունի: Իսրայելը տարածաշրջանում և աշխարհում իր ռազմական և քաղաքական-դիվանագիտական միջամտություններով քաղաքականություն է թելադրում, թեև հաճախ մնում է աննկատ: Մինչդեռ մենք` հայերս, մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունն անգամ չենք կարողացել ձևավորել և իրականացնել: Եվ փոխանակ ցեղասպանության պատճառով առաջացած հին գաղթօջախներից հայրենիք վերադառնայինք, նոր գաղթօջախներ ենք հիմնում... Հայաստանից հեռացողները և մանավանդ այս երևույթը մեկնաբանող լրագրողները, ընդդիմադիրները, կուսակցությունները, որոշ մտավորականներ, իբր իշխանություններին են սուր քննադատում, փաստարկում են, թե երկրից հեռանալու հիմնական պատճառը ոչ այնքան սոցիալական է, որքան արդարության բացակայությունը Հայաստանում: Բնական հարց է` իսկ այն երկրները, ուր գնում են հայերը, կա՞ այդ ոտնահարված արդարությունը… Ո՛չ, չկա՛: Իսկ եթե անգամ կա, ապա այն տվյալ երկրի ժողովրդի համար է, իսկ այդ արդարություն կոչվածն էլ առկա է միայն սոցիալական դաշտում, այն էլ` մասնակի։


Մենք` հայերս, մեր արդարությունը մե՛ր երկրում պետք է հիմնենք։
Չի՛ կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ: Անկեղծորեն խոստովանենք` այսօր ներո՞ւմ ենք մեր պապերի անհետևողականությունը, որ չեն մնացել իրենց հողի վրա և վտանգի դեմն առնելու փոխարեն, ընտանիքն առել ու գաղթել են։ Անձամբ ես չեմ ներում նրանց։
Բա մենք քրդերի չա՞փ էլ չկանք... Երբևէ հայրենիք չունեցած խաշնարած, քոչվոր այդ ժողովուրդը (որպես վիրավորանք չեմ ասում) հասկացել է հայրենիք և պետություն ունենալու կարևորությունը և... Իսկ մենք մտածում ենք միայն կուշտ ուտելու և գեղեցիկ ու ճոխ հագնվելու մասին ու ձևացնում` իբր անարդարությունից ենք փախչում... Հայրենիքն ու հայրենակիցներին ծանր վիճակում թողնելն ու հեռանալն էլ անարդարություն է։ Քայլ, որին արդարացում չկա։ Ամեն հեռացած հայ ընտանիք Հայաստանում ապրող առնվազն հինգ ընտանիքի գործազուրկ է դարձնում. պակասում են գնորդները, ամենատարբեր ծառայություններից օգտվողները։


Երբ ընտանիքի անդամները տանը չեն լինում, օջախի մայրն այդ օրը տեսակ-տեսակ կերակուրներ չի պատրաստում, դեռ մի բան էլ ազատություն է տալիս իրեն` հարևանուհու հետ երկար զրուցելու մի բաժակ սուրճի շուրջ: Ինչու է այդ օրը ծուլությունը նրան պատում, որովհետև պահանջողները տանը չեն։
Եթե Հայաստանում այսօր ապրի 5-6 միլիոն մարդ և պահանջի իշխանություններից սոցիալական արդարություն` աշխատատեղերի ստեղծում, բարձր աշխատավարձ, արժանապատիվ կենսաթոշակ և կրթաթոշակ, սոցիալական ապահովություն, արտաքին քաղաքականության հայաստանանպաստ հայեցակարգ և դրա իրականացում, ապա այս իշխանությունները չեն համարձակվի այսպես «ծուլանալ»։


Ախր, այնքան պարզ է ու հասկանալի այս ամենը։ Բա ո՞ւր է հայի մեր խելքը։ Մի՞թե պարտադիր է կորցնենք անվերադարձ, որ հետո հայի վերջին խելքով ճիշտ դատողություններ անենք, թե ինչ պիտի անեինք կամ ինչ չպիտի անեինք… բայց էլ փրկության հնար չլինի:
Հայի վերջին խելքը հիմա օգտագործենք… Աստված մեզ տվել է այդ խելքը։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 30342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ